Ծրագրի մասին

Այս կայքէջի նպատակն է՝ աջակցել ծխելը դադարեցնելուն տրամադրված ծխողներին, առաջարկելով ժամանակակից տեղեկատվություն և գործնական հնարքներ: Կայքէջը ստեղծվել է Շվեյցարիայի և Արևելյան Եվրոպայի երկրների գիտական համագործակցության 2013-2016թթ. (SCOPES) ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանում և Չեխայի Հանրապետությունում բժիշկների վերապատրաստում՝ ծխելը դադարեցնելու խորհրդատվության հմտությունների բարելավման նպատակով» պիլոտային ծրագրի շրջանակներում: Հայաստանում ծրագիրն իրականացրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության դպրոցը՝ Ժնևի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում, Շվեյցարիայի Ազգային Գիտական Հիմնադրամի (SNSF) և Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության (SDC) գործակալության աջակցությամբ:

Պիլոտային ծրագրի շրջանակներում ծխելը դադարեցնելու խորհրդատվության և բուժման կարողությունների զարգացման դասընթացներ ենք իրականացրել Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում ուսանող բժիշկների համար: Դասընթացի ձևաչափը և բովանդակությունը մշակվել են Շվեյցարիայում տարիներ առաջ իրականացված դասընթացի հիման վրա՝ հարմարեցնելով Հայաստանի պայմաններին և ընկալումներին (տես ստորև ներկայացված հղումը).

Հղումներ.

Humair, JP, Cornuz J. A New Curriculum Using Active Learning Methods andStandardized Patients to Train Residents in Smoking Cessation Journal of General Internal Medicine 2003; 18:1023–1027

Stop-tabac.ch: http://www.stop-tobacco.ch/en/. Stop-tabac.ch is a website of the Institute of Social and Preventive Medicine, Faculty of Medicine, University of Geneva, Switzerland.

 

SCOPES ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված այլ ծրագրեր

Վերապատրաստում «Ծխախոտային կախվածության խորհրդատվության և բուժման արդիական մոտեցումներ» թեմայով:

Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի համալսարանական կլինիկայում սրտաբանություն, գաստրոէնտերոլոգիա, թոքաբանություն, ներքին հիվանդություններ մասնագիտությունների կլինիկական օրդինատուրայում ուսանող 37 բժիշկներ (2015): Դասընթացի ընթացքում ծխելը դադարեցնելու խորհրդատվության հմտությունների զարգացման նպատակով կիրառվել են ուսուցման ակտիվ մեթոդներ. ստանդարտացված պացիենտի ներգրավում (դերասաններ), մասնակիցների դերախաղեր, խմբային քննարկումներ՝ վերապատրաստողի կողմից անմիջական հետադարձ կապի ապահովումով: Վերապատրաստվողներին տրամադրվել են պացիենտի կրթման գրքույկների փաթեթներ: